Մետաղների շուկայում վերջին 50 տարվա ընթացքում կատարած վերագնահատումը ցույց է տալիս, որ մետաղների բարձր գների պատճառով առաջացած ռիսկային և ոչ խելամիտ վարքագիծը հանգեցնում է մեծ թվով համայնքների և հանքարդյունաբերական ոլորտի աշխատավորների թունավորման դեպքերի առաջացմանը:

Շրջակա միջավայրի առողջության տեսանկյունից՝ հանքարդյունաբերության և հանածոների վերամշակման հետևանքով առաջացած վնասը մեծամասամբ համամասնական է անվտանգության այն երաշխիքներին, որոնք կան երկրում:

Վերջին երկու տասնամյակում հանքարդյունաբերության հետ կապված աղտոտող գործունեությունների մեծ մասը բարձր եկամուտ ունեցող երկրներից տեղաշարժվել է դեպի զարգացող երկրներ` առաջացնելով մետաղներով աղտոտվածության՝ պատմության մեջ երբևէ եղած ամենաղետալի դեպքերը:

2010թ.-ին հյուսիսային Նիգերիայում «Բժիշկներ առանց սահմանների» (Médecins Sans Frontières) միջազգային ՀԿ-ն մի փոքր գյուղում, որտեղ բնակիչները ոսկու հանքարդյունաբերությամբ էին զբաղված, արձանագրեց կապարով թունավորման՝ աշխարհում ամենաղետալի համաճարակը:

Ավելի քան 17,000 մարդ թունավորվել էին և 400-500 երեխա մահացել՝ վեց ամսվա ընթացքում: Մի քանի միջազգային կազմակերպություններ, համագործակցելով Նիգերիայի առողջապահության ղեկավարության և տեղական-քաղաքացիական և ավանդական կառավարության հետ, տրամադրեցին շտապ բժշկական, բնապահպանական, տեխնիկական և առողջապահական աջակցություն:

Դոկտոր Իան ֆոն Լինդերնը «ՏերրաԳրաֆիկս միջազգային հիմնադրամ» (TIFO) հասարակական կազմակերպության համահիմնադիրն է, ով մասնագիտացած է զարգացող երկրներում շրջակա միջավայրի աղտոտիչների ներգործությամբ առաջացած մարդկանց առողջության ռիսկերը նվազեցնելու մեջ: TIFO-ն օժանդակել է Նիգերայի կառավարությանը՝ զարգացող երկրում երբևէ ձեռնարկված կապարի ամենամեծ մաքրումը ծրագրելու ու իրագործելու հարցում: Ծրագիրը ձևավորվել էր ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության (USEPA) «Superfund»-ի կողմից և հարմարեցված էր տեղական մշակութային, հասարակա-տնտեսական համակարգին և տեխնիկական կարողություններին:

Դոկտոր ֆոն Լինդերնը ստացել է բակալավրի կրթություն ՔարնեգիՄելլոն համալսարանի Քիմիական ինժիներիա բաժնում և Շրջակա միջավայրի գիտությունների և ճարտարագիտության մագիստրոսի և դոկտորի կոչումներ՝ Յելի համալսարանում: Նա մարդկանց առողջության ռիսկերի գնահատման և շրջակա միջավայրի բարելավման մեջ ավելի քան 40 տարվա փորձ ունի, ղեկավարել է նաև հինգ միջազգային մաքրման աշխատանքներ Չինաստանում, Ռուսաստանում, Դոմինիկյան հանրապետությունում, Սենեգալում, Զամֆարայում և Նիգերիայում:

Աշխատանքները պարգևատրվել են «Շրջակա միջավայրի վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրի» (UNEP) «Կանաչ աստղ» (GreenStar) մրցանակով՝ ակնառու մարդասիրական ծառայությունների համար և Յելի համալսարանի Անտառապահության և շրջակա միջավայրի գիտությունների ֆակուլտետի «Վաստակավոր շրջանավարտ» (Distinguished Alumnus ) պարգևով: Դոկտոր ֆոն Լինդերնն աշխատում է ԱՄՆ-ի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության Գիտությունների խորհրդատվության խորհրդում և վերանայում է ԱՄՆ-ում կապար կարգավորող քաղաքականության գիտական հիմքերը: