ԵՐԵՎԱՆ, Հայաստան: Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հիմնեց Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն (ՊՀԿ), որն իր տեսակի մեջ առաջինն է երկրում և տարածաշրջանում: Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կառաջարկի բազմադիսցիպլինար հնարավորություններ՝ բնապահպանական, սոցիալական և տնտեսական առումով պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ հետազոտություն, վերլուծություն և փորձաքննություն անելու համար: 

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը ստեղծվեց Յակոբեան բնապահպանական կենտրոնի (ՅԲԿ) կողմից հանքարդյունաբերական համայնքներում շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ կատարած հետազոտական աշխատանքների արդյունքում, որից մեկը 1990 – ականներին և վաղ 2000 – ականներին ՀԱՀ ՅԲԿ-ի կողմից կատարված՝ Հայաստանում ծանր մետաղներով աղտոտվածության վերաբերյալ առաջին հետազոտական աշխատանքն էր: ՀԱՀ ՅԲԿ-ն ՀԱՀ-ի հանրային առողջապահության ֆակուլտետի հետ համագործակցությամբ ավելի քան երկու տարի արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ կազմակերպելով Հայաստանում հանքարդյունաբերության ազդեցությամբ պայմանավորված բնապահպանական, սոցիալական, առողջապահական, տնտեսական և քաղաքական խնդիրներ բարձրաձայնող գիտաժողովներ և սեմինարներ, ինչպես նաև իրականացրել հանքարդյուանբերության հետ կապված առողջ շրջակա միջավայրին սպառնացող վտանգների և տնտեսական հետևանքների գնահատում:

«Մենք որոշեցինք ստեղծել այս կենտրոնը, որպեսզի Հայաստանին առաջարկենք ինստիտուցիոնալ կարողություններ՝ զարգացնելու և յուրացնելու ընթացակարգեր, տեխնոլոգիաներ և նորամուծություններ սոցիալապես, տնտեսապես և շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ», – ասում է ՀԱՀ-ի նախագահ դոկտոր Բրյուս Պողոսյանը: Նրա ասելով՝ թեպետ Հայաստանը մետաղագործության և հանքագործության տեխնոլոգիաների կիրառության գործում հարուստ պատմություն և գիտելիք ունի, լրացված նաև մասնավոր ներդրումներով, այնուամենայնիվ, կա պատասխանատու հանքարդյունաբերության գիտելիքի և փորձաքննության բաց:

Գոյություն ունեն աշխատանքների տարաբնույթ ոլորտներ, որոնցում Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնն օգտակար կլինի Հայաստանի համար: Այն կծառայի որպես քաղաքականության և օրենսդրության վերահսկող, կիրականացնի տնտեսական հետազոտություններ և վերլուծություններ՝ ուղղորդելով հանքարդյունաբերական ոլորտի քաղաքականությունն ու ծրագրերը, կնախաձեռնի օրենսդրական և քաղաքական բարեփոխումների նախաձեռնություն, կմշտադիտարկի գործող և Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանքերի ազդեցությունը շրջակա միջավայրի և հանրային առողջության վրա, ինչպես նաև կներմուծի և կզարգացնի հանքավայրերի ռեկուլտիվացիայի և աղտոտված հողի մաքրման վերաբերյալ գիտելիք:

«Կարևոր է, որ այն կառավարության, հանքարդյունաբերության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար ստեղծելու է պատասխանատու հանքարդյունաբերության քաղաքականությանը և պրակտիկաներին քննադատորեն մոտենալու հարթակ»,- ասում է ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: «ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հիմնելիս մենք ոգեշնչվել ենք Ավստրալիայի Քուինսլենդ համալսարանի «Կայուն հանածոների ինստիտուտի» (SIM) աշխատանքներով»,- նշում է պարոն Ամիրխանյանը: Նա ասում է, որ Դոկտոր Սալիմ Ալին, ով «Կայուն հանածոների ինստիտուտի» Հանքարդյունաբերության սոցիալական պատասխանատվության կենտրոնից է, նաև ՀԱՀ-ի` 2012թ.-ի նոյեմբերին կազմակերպած հանքարդյունաբերության կոնֆերանսի բանախոսը (սեղմեք այստեղ հղումը բացելու համար), խորհրդի ու ուղղորդության անգնահատելի աղբյուր եղավ մեզ համար»:

Պարոն Ամիրխանյանը, ով գլխավորել է ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ստեղծումը, կլինի կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, քանի դեռ այդ պաշտոնի համար չի գտնվել միջազգային ասպարեզում լավագույն մասնագիտական որակավորում ունեցող թեկնածուն:

ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար, խնդրում ենք, գրել հետևյալ էլ. հասցեին`crm@aua.am: