Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի մշտադիտարկում

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը իրականացնում է հանքարդյունաբերական համայնքների դպրոցների և մանկապարտեզների հողի մոնիտորինգ 

Երևան, Փետրվար 1, 2016 – Առաջիկա ամիսներին ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կհրապարակի Հայաստանի 5 հանքարդյունաբերական համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակային հողի հետազոտության արդյունքները՝ սկսած Արարատ քաղաքից: Արարատ քաղաքում է գտնվում Սոթքի ոսկու վերամշակման գործարանը, դրա պոչամբարը ինչպես նաև Արարատի ցեմենտի գործարանը:  

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնքին վերաբերվող հաշվետվությունը կհրապարակվի ամսական կտրվածքով:

Հողի հետազոտությունները, որոնք հնարավոր դարձան Ուան Արմենիայի (ONEArmenia) կազմակերպած Եկեք պահպանենք Հայաստանը թունավոր աղտոտումից հանգանակության շնորհիվ, ցույց կտան հողի՝ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը:

 Հետազոտական աշխատանքի մեկնարկը տրվեց դեռևս 2015թ.-ին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ կատարելով Ուան Արմենիային (ONEArmenia) տրված իր խոստումը, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:

 Ստանալով սարքավորումները՝ կենտրոնը նախաձեռնեց հետևյալ աշխատանքները. 

  • – Համալրեց թիմը նոր աշխատակիցներով. Լենա Նազարյանը, Լիանա Մարգարյանը և Վարդան Հայրապետյանը համայնքներում կազմակերպում և իրականացնում են մոնիտորինգ,
  • – Քարտեզագրեց 150 համայնք, որոնց շրջակայքում՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա, կան գործող կամ լքված հանքավայրեր, մետաղների վերամշակման ձեռնարկություններ և պոչամբարներ (տես քարտեզներն ու համայնքների ցուցակը),
  • – Հաստատվեցին կապեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ձեռք բերվեց նրանց թույլտվությունը հանքարդյունաբերական 8 համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակերում հողի նմուշառում կատարելու համար: Այժմ թույլտվություններ տրված են Արարատ, Ալավերդի, Ախթալա և Արմանիս համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակերում նմուշառում կատարելու համար: Առկա են նաև թույլտվություններ Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքների և Սյունիք համայնքի մանկապարտեզների բակերի հողից նմուշառում անելու համար: Սյունիք մարզի դպրոցներում հողի նմուշառում կատարելու համար թույլտվությունը դեռ առկախված է և վերջնական որոշումը սպասվում է տեղական իշխանություններից: (Տես թույլտվությունները),
  • – Մշակվեցին հողի նմուշառման և թեստավորման ընթացակարգեր,
  • – ՀՀ Չափագրումների ազգային ինստիտուտի կողմից ստուգվեցին սարքավորումները և տրամադրվեց համապատասխանության վկայականներ: (Տես վկայականները),
  • – Կազմվեց Մոնիտորինգի տեխնիկական խորհրդատվության խորհուրդ և
  • – 2015թ.-ի հոկտեմբեր և նորեյմբեր ամիսների ընթացքում հանքարդյունաբերական 5 համայնքների 34 դպրոցներից և մանկապարտեզներից հավաքվեց հողի 175 նմուշ: Կենտրոնը նախատեսում է հետազոտել հողը ևս 3 համայնքներում և Սյունիք մարզի դպրոցներում 2016թ.-ի գարնանը:

Համայնքների և դպրոցների հետազոտությունները կբացահայտեն մկնդեղի, սնդիկի, կապարի, կադմիումի և պղնձի առկայությունը հողում: Սրանք այն մետաղներն են, որոնք սարքավորումները կարող են հայտնաբերել և որոնք չափազանց վտանգավոր են մարդու առողջության համար: Արդյունքների հրապարակումից հետո Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կնախաձեռնի քննարկումներ դպրոցների և համայնքների հետ՝ ձեռնարկելու միջոցներ, եթե հողում հայտնաբերվի անսպասելի բարձր մակարդակի աղտոտվածություն: