Հանքարդյունաբերական համայնքների շրջակա միջավայրի մշտադիտարկում ծրագրի լրատվական կենտրոն

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հրապարակեց Արարատ քաղաքի մանկապարտեզների և դպրոցների հողի և խմելու ջրի հետազոտման արդյունքներ

Երևան, Մայիսի 10, 2016 – ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՊՀԿ) հրապարակեց զեկույց՝ ներկայացնելով Արարատ քաղաքի հողի և ջրի անկախ հետազոտման արդյունքները: Հողի և ջրի նմուշները հավաքվել են անցած տարվա հոկտեմբերին՝ քաղաքի երեք մանկապարտեզներից և հինգ դպրոցներից, որոնցում ընդհանուր առմամբ սովորում են 2,347 երեխա:

«Մենք որոշեցինք նմուշները հավաքել դպրոցներից և մանկապարտեզներից, քանի որ երեխաները խաղի ժամանակ անմիջական առնչություն ունեն հողի հետ, hետևապես մեծահասկաների համեմատ ծանր մետաղների ազդեցությանը ենթարկվելու վտանգը նրանց համար ավելի մեծ է»,- բացատրում է ՊՀԿ-ի հանքարդյունաբերական համայնքների մոնիտորինգի և հասարակայնության հետ կապերի համակարգող Լենա Նազարյանը՝ ներկայացնելով զեկույցի հիմնական արդյունքներն Արարատի քաղաքապետարանում հավաքված մանկապարտեզի ու դպրոցների տնօրեններին:

Անցած մի քանի ամիսների ընթացքում դպրոցներից ու մանկապարտեզներից հավաքված հողի նմուշները հետազոտվել են արսենի, պղնձի, կադմիումի, սնդիկի և կապարի պարունակությունը որոշելու նպատակով: Ջրի նմուշը հետազոտվել է արսենի, եռավալենտ (III) արսենի, կադմիումի, պղնձի, կապարի, սնդիկի, ցինկի, մանգանի, ալյումինի, բորի, վեցավալենտ (VI) քրոմի, երկաթի և նիկելի պարունակությունը որոշվելու նպատակով: Այնուհետև արդյունքները համեմատվել են Հայաստանի հողի ստանդարտի, ինչպես նաև հողի միջազգային ստանդարտների հետ:

Հետազոտողներն անցած ամիս ամփոփեցին արդյունքները և մայիսի 10-ին ուղևորվեցին Արարատ՝ ներկայացնելու իրենց հիմնական արդյունքները և քաղաքապետի, ինչպես նաև դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ քննարկելու հնարավոր լուծումները:

Հիմնական արդյունքները 

Խմելու ջրում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ չեն հայտնաբերվել: Սա զարմանալի չէ, քանի որ Արարատ համայնքի խմելու ջուրը մատակարարվում է Գառնիի աղբյուրից, որը գտնվում է Գառնիի ձորում և հեռու է հանքային վերամշակման կամ արդյունաբերական այլ գործունեությունից:

Հավաքված հողի նմուշներում արսենի պարունակությունը մտահոգության տեղիք է տալիս: Արսենի պարունակությունը հողի բոլոր նմուշներում գերազանցել է Հայաստանի հողի ստանդարտը (ՀՍ) և որոշ նմուշներում գերազանցել է կանադական, շվեդական և Շրջակա միջավայրի պահպանության գործակալության (US EPA) ստանդարտները: 

Պղնձի պարունակությունը հողում նույնպես բարձր է հայտնաբերվել, բայց փաստերը վկայում են, որ պղինձը հողի մեջ նման արժեքների դեպքում բարձր ռիսկայնության վտանգ չի ներկայացնում առողջության համար: Նմանապես կապարի պարունակությունը հողի նմուշներում անմիջական տագնապ չեն հարուցում:

Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը ծանր մետաղների ազդեցության ռիսկը երեխաների առողջության վրա նվազեցնելու նպատակով առաջարկեց օգտագործել մակերեսը ծածկող նյութեր (ասֆալտ, բետոն, կաուչուկ):

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

Այժմ տեղական գործիչների – քաղաքապետարանի, ինչպես նաև դպրոցի և մանկապարտեզների տնօրենների հերթն է որոշելու՝ ինչ է պետք անել հետայսու:

Մայիսի 10-ի հանդիպման ընթացքում Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանն ընդգծել է, որ երեխաների առողջությունն առաջնային նշանակություն ունի իրենց համար և իրենք կուսումնասիրեն դպրոցների և մանկապարտեզների խաղահրապարակները պաշտպանիչ շերտով ծածկելու հնարավորությունը:

Առաջիկա ամիսներին ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կսկսի հրապարակել Ախթալա, Արմանիս, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքաների և Սյունիք գյուղական համայքների դպրոցների և մանկապարտեզների հողի հետազոտության արդյունքները: 

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը իրականացնում է հանքարդյունաբերական համայնքների դպրոցների և մանկապարտեզների հողի մոնիտորինգ 

Երևան, Փետրվար 1, 2016 – Առաջիկա ամիսներին ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կհրապարակի Հայաստանի 5 հանքարդյունաբերական համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակային հողի հետազոտության արդյունքները՝ սկսած Արարատ քաղաքից: Արարատ քաղաքում է գտնվում Սոթքի ոսկու վերամշակման գործարանը, դրա պոչամբարը ինչպես նաև Արարատի ցեմենտի գործարանը:  

Նախատեսվում է, որ յուրաքանչյուր համայնքին վերաբերվող հաշվետվությունը կհրապարակվի ամսական կտրվածքով:

Հողի հետազոտությունները, որոնք հնարավոր դարձան Ուան Արմենիայի (ONEArmenia) կազմակերպած Եկեք պահպանենք Հայաստանը թունավոր աղտոտումից հանգանակության շնորհիվ, ցույց կտան հողի՝ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը:

 Հետազոտական աշխատանքի մեկնարկը տրվեց դեռևս 2015թ.-ին, երբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ կատարելով Ուան Արմենիային (ONEArmenia) տրված իր խոստումը, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:

 Ստանալով սարքավորումները՝ կենտրոնը նախաձեռնեց հետևյալ աշխատանքները. 

  • – Համալրեց թիմը նոր աշխատակիցներով. Լենա Նազարյանը, Լիանա Մարգարյանը և Վարդան Հայրապետյանը կազմակերպում և իրականացնում են մոնիտորինգ համայնքներում,
  • – Քարտեզագրեց 150 համայնք, որոնց շրջակայքում՝ մինչև 5 կմ շառավղով հեռավորության վրա, կան գործող կամ լքված հանքավայրեր, մետաղների վերամշակման ձեռնարկություններ և պոչամբարներ (տես քարտեզներն ու համայնքների ցուցակը),
  • – Հաստատվեցին կապեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ և ձեռք բերվեց նրանց թույլտվությունը հանքարդյունաբերական 8 համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակերում հողի նմուշառում կատարելու համար: Այժմ թույլտվություններ տրված են Արարատ, Ալավերդի, Ախթալա և Արմանիս համայնքների դպրոցների և մանկապարտեզների բակերում նմուշառում կատարելու համար: Առկա են նաև թույլտվություններ Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքների և Սյունիք համայնքի մանկապարտեզների բակերի հողից նմուշառում անելու համար: Սյունիք մարզի դպրոցներում հողի նմուշառում կատարելու համար թույլտվությունը դեռ առկախված է և վերջնական որոշումը սպասվում է տեղական իշխանություններից: (Տես թույլտվությունները),
  • – Մշակվեցին հողի նմուշառման և թեստավորման ընթացակարգեր,
  • – ՀՀ Չափագրումների ազգային ինստիտուտի կողմից ստուգվեցին սարքավորումները և տրամադրվեց համապատասխանության վկայականներ: (Տես վկայականները),
  • – Կազմվեց Մոնիտորինգի տեխնիկական խորհրդատվության խորհուրդ և
  • – 2015թ.-ի հոկտեմբեր և նորեյմբեր ամիսների ընթացքում հանքարդյունաբերական 5 համայնքների 34 դպրոցներից և մանկապարտեզներից հավաքվեց հողի 175 նմուշ: Կենտրոնը նախատեսում է հետազոտել հողը ևս 3 համայնքներում և Սյունիք մարզի դպրոցներում 2016թ.-ի գարնանը:

 Համայնքների և դպրոցների հետազոտությունները կբացահայտեն մկնդեղի, սնդիկի, կապարի, կադմիումի և պղնձի առկայությունը հողում: Սրանք այն մետաղներն են, որոնք սարքավորումները կարող են հայտնաբերել և որոնք չափազանց վտանգավոր են մարդու առողջության համար: Արդյունքների հրապարակումից հետո Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կնախաձեռնի քննարկումներ դպրոցների և համայնքների հետ՝ ձեռնարկելու միջոցներ, եթե հողում հայտնաբերվի անսպասելի բարձր մակարդակի աղտոտվածություն:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը հանդիպեց Կապան համայնքի հետ՝ իր ծրագրերն ու նպատակները ներկայացնելու համար

ԿԱՊԱՆ, Հայաստան – Սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՊՀԿ) և Համաշխարհային բանկը Կապանի Օրհուս կենտրոնում տեղական հասարակական կազմակերպություններին և ինքնակառավարման մարմինների ղեկավարներին ներկայացրեցին Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) և ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ծրագրերը:

ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը ներկայացրեց կենտրոնի առաքելությունը, ծրագրերն ու հիմնական աշխատանքային ուղղությունները: Կենտրոնի հանքարդյունաբերական համայնքների մոնիտորինգի և հասարակայնության հետ կապերի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց հանքարդյունաբերական համայնքներում շրջակա միջավայրի անկախ մշտադիտարկման ծրագիրը, որի նպատակը Հայաստանի հանքարդյունաբերական շրջաններին կից գտնվող համայնքների՝ հողի, ջրի և մարդու արյան մեջ ծանր մետաղների հետազոտումն է:

Լենա Նազարյանը նշեց, որ մշտադիտարկման համար առաջին հերթին ընտրվելու են հանքարդյունաբերական գործունեության հետևանքով հողի հնարավոր աղտոտվածության խնդիրներ ունեցող համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները:

«Մշտադիտարկման նպատակն է՝ կատարել անկախ ստուգումներ և, խնդիրների հայտնաբերման դեպքում, մշակել լուծումների տարբերակներ՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կողմերին: Խնդրի լուծումը մենք պատկերացնում ենք համատեղ ուժերով՝ մեր կենտրոնի, համայնքի, հանքարդյունաբերական ընկերության և այլոց, ովքեր կացանկանան օգտակար լինեն»,- ասաց Լենա Նազարյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար, ինչպես նաև կենտրոնի հետագա աշխատանքներին ծանոթանալու համար այցելեք crm.aua.am:Հանդիպման ընթացքում  քննարկվեց նաև ԱՃԹՆ-ին Հայաստանի միանալու նպատակները և դրանից ակնկալվող օգուտները մեր երկրի համար:

ԱՃԹՆ-ն բնական ռեսուրսներից ստացվող եկամուտների կառավարման հրապարակայնության և թափանցիկության միջազգային չափանիշ է: Այն բարձրացնում է ներդրողների և ֆինանսական կառույցների վստահությունը և հետաքրքրությունն անդամակցող երկրի նկատմամբ, ցույց տալով, որ կառավարությունը բաց է ու թափանցիկ, ԱՃԹՆ-ն օգնում է կառավարությանը ուժեղացնել հակակոռուպցիոն և թափանցիկության ծրագրերը, երբեմն օգնում է բացահայտել չվճարված հարկերը, նպաստում է կառավարություն, արդյունահանող ձեռնարկություններ և ՔՀԿ երկխոսության ամրապնդմանը և այլն: ԱՃԹՆ-ի մասին հայերենով լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ [to insert the Armenian version about EITI ]կամ ԱՃԹՆ կայք`https://eiti.org/:

Հետազոտական աշխատանքի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը նպաստում է Հայաստանում սոցիալական, տնտեսական և բնապահպանական տեսանկյունից պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ միջազգային լավագույն փորձի յուրացմանը, փոխանցմանն ու հարմարեցմանը: Այս նպատակին հասնելու համար, ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը, ներգրավում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ քաղաքացիական հասարակության, պետական մարմինների և հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին, շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող խմբերին և ֆինանսական հաստատություններին:

ԵԱՀԿ-ն նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը ստուգող սարքավորումներ՝ կատարելով Ուան Արմենիայի (ONEArmenia) կազմակերպած «Եկե´ք պահպանենք Հայաստանը թունավոր աղտոտումից» հանգանակության ընթացքում տրված իր խոստումը

ԵՐԵՎԱՆ – 2015թ.-ի մայիսի 21-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար՝ դեսպան Անդրեյ Սորոկինը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին նվիրաբերեց շրջակա միջավայրի թունավոր աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:

Նվիրաբերված սարքավորումներն ու պարագաներն արժեքավոր են, քանի որ հնարավորություն են տալիս հավաքագրել այնպիսի տվյալներ, որոնք կօգնեն տեղեկացնել քաղաքացիներին իրենց առողջությանը սպառնացող վտանգների մասին, ինչպես նաև հնարավորություն կտան տրամադրել խորհուրդներ՝ ռիսկերը կառավարելու համար:

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ դոկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանն ընդունեց նվիրատվությունը, որն իր մեջ ներառում է հողում ծանր մետաղների չափման անալիզատոր, ֆոտոմետրեր, ջրի ստուգման սարք, հավելյալ միջոցներ հողի և ջրի ստուգումների համար:

Սարքավորումների նվիրատվությունն ավելի մեծ նախաձեռնության` Ուան Արմենիայի կողմից անցած տարի կազմակերպած հանգանակության մի մասն է: Այս նվիրատվության նպատակն է ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնին ընձեռել հնարավորություն՝ իրականացնելու անկախ մշտադիտարկում այն համայնքներում, որտեղ հանքարդյունաբերության և մետաղների վերամշակման պատճառով առկա են ծանր մետաղներով աղտոտվածության խնդիրներ:

Ուան Արմենիայի կազմակերպած «Եկե´ք պահպանենք Հայաստանը թունավոր աղտոտվածությունից» արշավի շրջանակում ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը 5-8 համայնքներում իրականացնելու է համայնքների շրջակա միջավայրի համապարփակ գնահատումներ և թիրախային ուսումնասիրություններ: Առաջին ուսումնասիրությունները սկսվելու են 2015թ.-ի հունիսին:

Հանքարդյունաբերական աղտոտվածությունը ստուգելու սարքավորումների համար նախաձեռնած հանգանակությունը գերազանցեց սպասելիքները

2014թ., նոյեմբերի 14: Ուան Արմենիան (ONEArmenia) ավարտեց հանքարդյունաբերական աղտոտվածության ստուգման համար սարքերի գնմանը նվիրված 43-օրյա հանգանակության մարաթոնը: Սարքերը պահվելու և օգտագործվելու են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնում:

Մոտ 300 դրամատուի առատաձեռն նվիրատվության շնորհիվ՝ մենք հավաքեցինք 31,300 ԱՄՆ դոլար` գերազանցելով մեր սպասելիքները 1,650 ԱՄՆ դոլարով: Դժվար է բառերով արտահայտել թե որքա՛ն շնորհակալ ենք դրամատուներին՝ մեզ վստահելու համար:

Հանգանակությունն ավելի մեծ ծրագրի` 76,000 ԱՄՆ դոլար արժողությամբ արշավի մասն էր, որը կընձեռեր հնարավորություն ձեռք բերելու շարժական և անշարժ լաբորատոր սարքավորումներ՝ հանքարդյունաբերական համայնքներում թունավոր աղտոտվածությունը ստուգելու համար:

Դրամահավաքությանը նպաստելու համար նշանակալից աջակցությամբ հանդես եկան միջազգային հանրության և Սփյուռքի ներկայացուցիչները:
Հանգանակության արշավին աջակցել են հետևյալ միջազգային կազմակերպությունները. Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ), Երևանի բրիտանական դեսպանատուն և ՄԱԿ-ի զարգացման ծրագիր: Բացի այդ, այս կարևոր նախաձեռնության համար նվիրատվությանը մասնակցեցին տիկին Լինդա Շահինյանը՝ Կալիֆորնիայից և Յակոբեան ընտանիքը՝ Փենսիլվանիայից:

Հանգանակության հաջողության մեծ մասը Ուան Արմենիայի թիմի շնորհիվ էր, որի անփոխարինելի փորձն ու հմտություններն օգնեցին հանգանակության իրականացման և համակարգման գործում: Ուան Արմենիան ոչ միայն օգնեց գումար հավաքել, այլ՝ նաև բարձրաձայնել Հայաստանում հանքարդյունաբերական աղտոտվածության խնդրի մասին:

Ավելին, այս ամենը հնարավոր չէր լինի առանց Հայաստանում ԱՄՆ դեսպան պարոն Ջոն Հեֆերնի նշանակալի ջանքերի, ով համախմբեց բազմաթիվ կողմերի՝ դիմելով իր ընկերներին, միջազգային դրամատուներին և բնապահպանական կազմակերպություններին Հայաստանում և արտերկրում` առաջարկելով նրանց միանալ և տարածել: Նրա անսահման եռանդն ու խանդավառությունը ստիպեցին ավելի մեծ ակնկալիքներ ունենալ մեզանից և ձգտել ավելի բարձր նշաձողի:

Այս հանգանակության հաջողության շնորհիվ համայնքներն այժմ կունենան միջոցներ՝ վերահսկելու իրենց հողի և ջրի՝ ծանր մետաղներով աղտոտվածության մակարդակը: ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը պատրաստ է օգնել նրանց կիրառել գիտական ու օբյեկտիվ վերլուծություններ՝ առողջությանը և շրջակա միջավայրին սպառնացող ռսիկերը որոշակիացնելու և կառավարելու հարցում:

Այս մարաթոնի բոլոր դրամատուները՝ 5, թե 20,000 ԱՄՆ դոլար նվիրաբերությամբ՝ համատեղ ուժերով հնարավոր դարձրին սա Հայաստանի համայնքների համար:

Մեծ երախտագիտությամբ`
Ալեն Ամիրխանյան
Տնօրենի ժ/պ, ՀԱՀ Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոն
Տնօրեն, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն

Հայաստանի ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը (ՀԱՀ ՊՀԿ) հետազոտական աշխատանքի, կրթության և շահերի պաշտպանության միջոցով նպաստում է Հայաստանում սոցիալական, բնապահպանական և տնտեսական առումով պատասխանատու հանքարդյունաբերության՝ աշխարհում հայտնի լավագույն փորձի յուրացմանը, փոխանցմանն ու հարմարեցմանը: Այս նպատակին հասնելու համար ՀԱՀ-ի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնը կներգրավի բոլոր շահագրգիռ կողմերին՝ բնապահպանական խմբերին, ֆինանսական հաստատություններին, հանքարդյունաբերության ոլորտի, քաղաքացիական հասարակության և պետական կառույցների ներկայացուցիչներին: crm.aua.am

1991թ.-ին հիմնադրված Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր և անկախ համալսարան է, որը տեղակայված է Երևանում, Հայաստանում և հավատարմագրված է Կալիֆորնիայի համալսարանի կողմից: ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում իրականացնում է կրթություն, առաջարկում է մագիստրատուրայի և բակալավրիատի բարձրորակ ծրագրեր, խրախուսում է քաղաքացիական ներգրավվածությունը, նպաստում է ժողովրդավարական արժեքների և հանրային ծառայութան կայացմանը:

Այլ հոդվածներ`

Դրամահավաք շրջակա միջավայրի պահպանության համար
ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և Ալեն Ամիրխանյանը հանքարդյունաբերական համայնքները թունավոր ախտոտվածությունից պաշտպանելու հանգանակության մասին
Հանքարդյունաբերությունը Հայաստանում. նոր արշավը կենտրոնանում է էկոլոգիական վնասը կանխելու վրա
Հայաստանում ծանր մետաղներով աղտոտվածությունը վերահսկելու նոր նախաձեռնություն
Լաբորատոր սարքավորումներ, որոնք թույլ կտան հանքարդյունաբերական համայնքներին բացահայտել առողջությանը սպառնացող վտանգները
ՙՕժանդակի´ր հիմա՚՝ հանուն համայնքների տեղեկացվածության և հզորացման
Ձեռնարկի´ր միջոցներ հանքարդյունաբերական համայնքներին թունավոր աղտոտվածությունից պաշտպանելու համար