ՀԱՀ-ը Հայաստանի համայնքներում գնահատել է 25 աղտոտված վայր

Երևան-ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետը և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը Blacksmith ինստիտուտի և երկու նախարարությունների հետ համագործակցությամբ՝ իրականացրեցին Հայաստանում թունավոր թափոնավայրերի հաշվառում:

Հաշվառումն արվեց Blacksmith ինստիտուտի աջակցությամբ իրականացվող «Թունավոր վայրերի հայտնաբերման ծրագրի» (TSIP) շրջանակներում: Blacksmith ինստիտուտը միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը մասնագիտացած է ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում մարդկանց առողջությանը սպառնացող թունավոր վայրերի հաշվառմամբ:


Գյուղի երեխաները խաղում են իրենց համայնքում թունավոր աղբի վրա: 

Կիրառելով Blacksmith ինստիտուտի նախնական գնահատման ընթացակարգը, ծրագիրը Հայաստանի 5 մարզում գնահատեց արդյունաբերական և հանքարդյունաբերական գործունեության ազդեցությանը ենթարկված 25 տեղանք: Որոշ վայրերի աղտոտումը համեմատաբար նոր է, մինչդեռ մյուսների դեպքում՝ աղտոտումը տեղի է ունեցել Խորհրդային ժամանակաշրջանում:

2012թ.-ից սկսած հինգ հոգուց բաղկացած հետազոտողների խումբը՝ ՀԱՀ Հանրային առողջապահության դպրոցի փոխդեկան Վարդուհի Պետրոսյանի և ՀԱՀ ՅԲԿ-ի գլխավոր գիտաշխատող Կարեն Աղաբաբյանի առաջնորդությամբ ավելի քան մեկ տարի աշխատեցին այս ուղղությամբ: 2013թ. առաջին եռամսյակում թիմի անդամները վերանայեցին և ամփոփեցին իրենց բացահայտած տվյալները:

«Վերցված նմուշներից շատերում, հատկապես գյուղատնտեսական և բնակելի հողերի մեջ, ծանր մետաղների կոնցենտրացիան միջազգայնորեն ընդունված թույլատրելի սահմանից բարձր էր: Այս նմուշներում հայտնաբերված ծանր մետաղներից են մկնդեղը, կապարը, կադմիումը և քրոմը: Դրանք բոլորն էլ առաջացնում են հանրության առողջությանը սպառնացող էական ռիսկեր, մասնավորապես՝ քաղցքեղ և չբերություն»,- ներկայացնում է դոկտոր Պետրոսյանը:

Ընդհանուր առմամբ հետազոտությունը բացահայտեց, որ այս հանքարդյունաբերական համայնքներում պոչամբարներն անուշադրության են մատնված. չկան պատշաճ ցանկապատեր, ինչպես նաև համակարգված և համապատասխան վերահսկողություն: Բացի այդ, այս վայրերում արձանագրվել են պատահարների բազմաթիվ դեպքեր, որոնք թունավոր աղտոտիչների արտահոսքի պատճառ են հանդիսացել: Որոշ դեպքերում լքված պոչամբարների տարածքները բնակիչների կողմից օգտագործվել են որպես արոտավայրեր կամ այգիներ, որոշ դեպքերում՝ որպես շինարարական նյութեր:

«Այս ծանր մետաղները երեխաներին են հասնում իրենց բակերի և դպրոցի խաղահրապարակների աղտոտված հողի միջոցով»,- նկատում է դոկտոր Պետրոսյանը, ավելացնելով, որ ՀԱՀ-ը շարունակելու է այս համայնքների գնահատումը, քանի դեռ ի հայտ են գալիս նոր տեղանքներ:

«Ժամանակն է գործել հաշվի առնելով այն, ինչ արդեն ունենք»,- ասում է Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը և ավելացնում. «Մենք գիտենք, որ կա աղտոտվածություն և մեր՝ որպես հետազոտական հաստատության բարոյական պարտքն է այնպես անել, որ բացահայտված տեղեկություններն օգտակար կիրառություն ունենան տուժած համայնքների բնակիչների համար»:

«ՀԱՀ-ը պետք է ներգրավվի այս համայնքների բնակչության կրթման գործում՝ տեղեկացնելով նրանց իրենց համայնքներում առկա թունավոր թափոնների պատշաճ կառավարման և տարբեր իրավիճակներում գործելու ձևերի մասին, որպեսզի բնակիչները նվազագույնի հասցնեն թափոնների առաջացրած ազդեցությունները»,- ավելացնում է նա:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հանրային առողջապահության ֆակուլտետը հաջորդ ամառ շարունակելու են աշխատանքներն այս ուղղությամբ:

Պրն Ամիրխանյանը պարզաբանում է. «Մենք փնտրում ենք գործընկերներ, ովքեր ծանոթություններ և կապեր ունեն հանքարդյունաբերության և հանածոների վերամշակման վայրերին կից համայնքներում»: Բացի այդ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը և Հանրային առողջապահության ֆակուլտետը փնտրում են ֆինանսավորում՝ մաքրման աշխատանքներ իրականացնելու այն համայնքներում, որտեղ աղտոտվածության մասշտաբը փոքր է և կառավարելի: 

Ամիրխանյանն ավելացնում է. «Փոքրամասշտաբ աղտոտվածություն ունեցող վայրերի մաքրումը մեզ հնարավորություն կտա փորձարկել մաքրման աշխատանքի առաջին մոտեցումներն ու տեխնոլոգիաները: Լայնածավալ մաքրումը տեխնիկապես բարդ է, ֆինանսապես ծախսատար և բազմաթիվ գործող կողմերի հետ համագործակցության հաստատում է պահանջում»:

ՀԱՀ-ը 2013թ. ապրիլի 22-23-ին կազմակերպում է «Շրջակա միջավայրում և աշխատավայրերում առողջության խնդիրները. հանքարդյունաբերությունն ու շինարարությունն անցումային տնտեսություններում» խորագրով միջազգային գիտաժողով: Գիտաժողովը կազմակերպվում է Կոլեգիում Ռամազինիի հետ համատեղ, որն անկախ միջազգային ակադեմիա է՝ մասնագիտացած աշխատանքային և շրջակա միջավայրի առողջապահության և անվտանգության հետազոտական ու գործնական հարցերում:

Բացի այդ, անցյալ նոյեմբերին ՀԱՀ-ը կազմակերպել էր նաև հանքարդյունաբերության և հասարակա-տնտեսական զարգացման վերաբերյալ ևս մեկ միջազգային գիտաժողով: Գիտաժողովի տեսանյութերը և հետազոտական աշխատանքները հասանելի են այստեղ:

Դոկտոր Պետրոսյանը նշում է. «Աշխարհում առաջատար մասնագետները կմասնակցեն այս գիտաժողովին և կտարամադրեն առաջարկություններ Հայաստանում և այլ անցումային տնտեսություններում աշխատանքային և շրջակա միջավայրի առողջապահական խնդիրների լուծման ուղղությամբ: Նրանց ներկայացրած հետազոտությունը կլուսաբանի Հայաստանում հանքարդյունաբերական համայնքների երեխաներին և աշխատավորներին սպառնացող աճող առողջական ռիսկերը»:

Հետազոտողների խումբը` Կարեն Աղաբաբյան, Վարդուհի Պետրոսյան, Ծովինար Մելքոմ Մելքոմյան, Վահե Խաչադուրյան, Աիդա Գիլոյան, Հռիփսիմե Մարտիրոսյան և Ռուզաննա Գրիգորյան

Ինչ վերաբերում է ՀԱՀ- Blacksmith հետազոտությանը, ապա թունավոր 25 տեղանքների մասին տեղեկություն պարունակող շտեմարանը կտրամադրվի Հայաստանի առողջապահության և բնապահպանության նախարարություններին: ՀԱՀ-ը առողջապահության, բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությանների, ինչպես նաև այլ շահագրգիռ անձանց հետ համատեղ կտրամադրի տեխնիկական օջակցություն՝ թունավոր աղտոտումների վերաբերյալ ազգային ռազմավարական պլան մշակելու հարցում: