ՀԱՀ-ն ուղեկցում է միջազգային փորձագետների այցը դեպի Ախթալա և Ալավերդի հանքարդյունաբերական քաղաքներ

Երևան, ապրիլի 25: Հայաստանի ամերիկյան համալսարանը ուղեկցեց միջազգային փորձագետների խմբի մասնագիտական այցը դեպի Հայաստանի հյուսիսում գտնվող չափազանց աղտոտված երկու հանքարդյունաբերական համայնքներ` տեղի պայմանները և բնապահպանական խնդիրները ուսումնասիրելու նպատակով:

Խումբն այցելեց Ալավերդի քաղաքի պղնձաձուլարանը և Ախթալայի պոչամբարները, որտեղ ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետի (SPH) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի (ACE) հետազոտական խնբերը վերջերս հայտնաբերել էին ծանր մետաղներով աղտոտվածության նշաններ:

Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վարդուհի Պետրոսյանը, ով ուղեկցում էր հետազոտողների խումբը դեպի հանքարդյունաբերական համայնքներ, նշում է. «Տարբեր երկրներից ժամանած մեր գործըկերները հնարավորություն ունեցան դիտարկելու այդ համայնքներում տիրող ընդհանուր իրավիճակը և հայտնելու իրենց մասնագիտական կարծիքը, թե ինչպիսի՞ միջոցառումներ կարող են ձեռնարկվել այդ համայնքներում՝ մարդկանց առողջությունը պաշտպանելու համար»:

Մասնագիտական այցին հաջորդեց ապրլիլի 22-23-ն անցկացված երկօրյա գիտաժողովը, որը կենտրոնացավ Հայաստանի և այլ անցումային տնտեսությունների համայնքներում բնակվող և հանքարդյունաբերական ոլորտում աշխատող մարդկանց առողջության վրա հանքարդյունաբերության և շինարարության ազդեցության հարցերի քննարկման վրա:

Գիտաժողովը կազմակերպվել էր ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետի և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից` Կոլեգիում Ռամազինիի (Collegium Ramazzini) միջազգային ակադեմիայի հետ համատեղ:

Հայաստանը, այլ հետխորհրդային երկրների շարքում, թերանում է համապատասխան արձագանք տալ հասարակական, բնապահպանական և առողջապահական խնդիրներին, որոնք առաջանում են հանածոների արդյունահանման և շինարարության շուկայի վատ կարգավորման պատճառով:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշում է. «Մեր նպատակն է առաջ մղել քննարկումները և օգնել հանրային քաղաքականության նախգծման հարցում, որը կարող է հասցեագրել այս խնդիրները, պաշտպանել աշխատավորներին և երաշխավորել այս արդյունաբերությունների պատշաճ զարգացումը»: