ՀԱՀ հետազոտություն: Հայաստանում հանքարդյունաբերությունն առաջացնում է աղքատություն, եկամուտների անհավասար բաշխում

Երևան: 2004-2010թթ.-ին հանքարդյունաբերությունը նպաստել է Հայաստանի տնտեսական աճին, սակայն, միևնույն ժամանակ, առաջացրել է աղքատություն և եկամուտների անհավասար բաշխում: Սա է վկայում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի վերջերս կատարած ուսումնասիրությունը, որն իրականացվել է ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի հետ համատեղ:

Հանքագործները Քաջարան քաղաքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում` առանց շնչառական պաշտպանության և պաշտպանիչ ձեռնոցների: Լուսանկարի հեղինակ` Նազիկ Արմենակյան: 


Քաջարան քաղաքի Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանում աշխատող հանքագործի ձեռքերը: Նկարի հեղինակ` Անահիտ Հայրապետյան: Նույն մարդն ավելի ուշ` երեկոյան, փոխում է իր երեխայի տակդիրը: Նկարի հեղինակ` Նազիկ Արմենակյան:

Ուսունասիրության գլխավոր հետազոտող և հեղինակ, դոկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, ուսումնասիրել է տարածաշրջանային տվյալները և զեկուցել, որ հանքարդյունաբերությունը տնտեսության աճի վրա իսկապես ունի որոշակի դրական ազդեցություն: 

«Սա հաստատում է հանքարդյունաբերության կողմնակիցների կողմից հաճախ կրկնվող այն պնդումը, որ հանքարդյունաբերությունն անհրաժեշտ է Հայաստանի տնտեսական աճի համար»,- նշում է ՀԱՀ-ի տնտեսագիտության դոցենտ, դոկտոր Գրիգորյանը:

Հանքարդյունաբերությունը և եկամուտների անհավասար բաշխումը 

Ա. Գրիգորյանի վերլուծությունները, մյուս կողմից, նաև փաստում են, որ հանքարդյունաբերությունն առաջ է բերում զգալի աղքատություն և եկամուտների անհավասար բաշխում: Գրիգորյանը նշում է. «Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերության ոլորտը, հավանական է, որ կավելացնի եկամուտների անհավասար բաշխումը և կխորացնի աղքատությունը Հայաստանի այն մարզերում, որտեղ այն գործում է»: 

Սա հակասում է հանքարդյունաբերության կողմնակիցների այն պնդմանը, որ այս ոլորտը ստեղծում է նոր աշխատատեղեր, ինչը մարզերում և երկրում կունենա միջինից մինչև երկարաժամկետ զարգացման ազդեցություն։

Պարոբ Գրիգորյանի խոսքերի համաձայն՝ այս հակադրվող իրողությունները կարելի է բացատրել Հայաստանի տնտեսությունում գերիշխող մի շարք գործոններով:

 «Հանքարդյունաբերությունը, որպես Հայաստանի տնտեսության ճյուղ, տարիներ շարունակ ընդլայնվել է, սակայն տնտեսական ճգնաժամի ու մետաղների համաշխարհային գների բարձրացմանը զուգընթաց, հանքարդյունաբերությունն էլ ավելի կարևոր դեր է ունեցել ՀՆԱ-ի աճի մեջ»,- բացատրեց պարոն Գրիգորյանը՝ նշելով, որ այս միտումը կշարունակվի, եթե տնտեսության մեկ այլ ոլորտ ավելի ուժեղ տեմպերով չաճի:

Հանքարդյունաբերությունը և աղքատությունը

Աղքատության աճը հանքարդյունաբերության ոլորտի հաջորդ բացահայտված ազդեցությունն է և սրանց փոխկապակցվածությունը, պարոն Գրիգորյանի կարծիքով, ավելի խորը ուսումնասիրության կարիք ունի:

Հանքարդյունաբերության ազդեցության վերաբերյալ մեկ այլ հետազոտություն, որը կատարվել է ՀԱՀ Հանրային առողջապահության ֆակուլտետի և Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից ցույց է տալիս, որ որոշ բնակիչներ պնդում են, թե հողի սեփականատերերին պարտադրվում է շատ ցածր գներով վաճառել իրենց սեփականությունը: Ըստ Գրիգորյանի՝ այսպիսի դեպքերում, եթե դրանք իրոք տեղի են ունեցել, գյուղացիները զրկվում են այն ունեցվածքից, որը շատ կարևոր է կարողություն ստեղծելու համար:

Դեռ ավելին, հանքարդյունաբերության կամ հանքային վերամշակման ոլորտներում աշխատող մարդկանց չի տրամադրվում առողջապահական ապահովագրություն՝ մի հանգամանք, որը կարող է ընտանիքներին ծանրաբեռնել առողջապահական ծախսերով կամ նվազեցնել աշխատավորների արդյունավետությունը:

Երիտասարդ տղամարդը հիվանդանոցում կնոջ հետ: Նա ստամոքսի խոց ունի և վստահ է, որ դա հանքերում աշխատելու հետևանք է: Նկարի հեղինակ` Նազիկ Արմենակյան:

Քաղաքականության դերը

ՀԱՀ Յակոբեան կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը նշում է. «Եթե մենք նպատակ ունենք հանքարդյունաբերությունը դարձնել Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտ, ապա մենք պետք է նաև զարգացնենք ճիշտ սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որի հետևանքով անմիջական ազդեցություն կրող համայնքները և ամբողջ երկիրը կշահեն առավելագույնս»:

Հանքարդյունաբերությունն ու արդյունահանող արդյունաբերությունները որոշ երկրներում նշանակալից դեր են ունեցել՝ ապահովելով երկարաժամկետ աճ, մասնավորապես՝ Նորվեգիայում, Ավստրալիայում և Բոտսվանայում։ «Այս երկրները հաջողությամբ օգտագործել են հանքարդյունաբերությունը և բարձրացրել իրենց բնակչության ճնշող մեծամասնության կենսամակարդակը, քանի որ նրանք մշակել և կիրառել են արդյունավետ հանրային քաղաքականություն»,- շեշտում է Ամիրխանյանը, ով անցած նոյեմբերին այս թեմայով միջազգային գիտաժողով էր կազմակերպել:

Առանց հանքարդյունաբերության ոլորտը կարգավորող համապատասխան քաղաքականության ու լծակների՝ Հայաստանը կշարունակի քայլել հանքարդյունաբերական մի ճանապարհով, որը հարստացնում է քչերին, մինչդեռ զրկում է ներկա ու ապագա սերունդների մեծամասնությանը իրենց ժառանգությունից օգտվելու հնարավորությունից։

Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2011թ. Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում աշխատել է 15.500 մարդ, ինչը կազմել է երկրի ընդհանուր զբաղվածության մոտ 1%-ը և նպաստել ՀՆԱ-ի աճին մոտ 3%-ով:

ՀԱՀ-ը կազմակերպում է մեկ այլ միջազգային գիտաժողով «Շրջակա միջավայրում և աշխատավայրում առողջության խնդիրները. հանքարդյունաբերությունն ու շինարարությունն անցումային տնտեսություններում» թեմայով: Գիտաժողովին, որ նախատեսված է անցկացնել ապրիլի 22-23-ը, կմասնակցեն առաջատար մասնագետներ, ովքեր Երևան կժամանեն աշխարհի տարբեր ծայրերից՝ ուսումնասիրելու հանքարդյունաբերության և շինարարության ազդեցությունն այնպիսի անցումային տնտեսությունների վրա, ինչպիսին է Հայաստանը:

Նրանց ներկայացրած հետազոտությունները կառաջարկեն լուծումներ աշխատանքային և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքով առողջական խնդիրների հետ բախվող աշխատավորների, համայնքների բնակչության և երեխաների համար, ինչպես նաև կօգնեն այս խնդիրները լուծելուն ուղղված հանրային քաղաքականության մշակման գործում:

Ներկայացված լուսանկարները արվել են «Հետազոտական ֆոտոլրագրություն՝ հանուն մարդու իրավունքների և մաքուր միջավայրի» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ ծրագրի» հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: Ծրագիրն իրականացրել է «Սոցիոսկոպ» ՀԿ-ն: